«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը
2026 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում տեղի է ունեցել «Ատոմ՝ ապագայի էներգիա» խորագրով առաջին Ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը: «Փաստ» լրատվականի փոխանցմամբ՝ միջոցառումը կազմակերպվել էր «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և Impact Team 2050 միջազգային երիտասարդական խորհրդատվական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցել են ուսանողներ, երիտասարդ մասնագետներ և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի ծրագիրը նվիրված էր Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարներին, դրա ռազմավարական դերին երկրի էներգետիկ անվտանգության, կայուն զարգացման ու ցածր ածխածնային ապագայի ապահովման գործում, ինչպես նաև ժամանակակից միջուկային տեխնոլոգիաների ներկայացմանը:
Միջոցառման առանցքային մասն էին կազմում ոլորտի առաջատար փորձագետների ելույթները: Էներգետիկ ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արա Մարջանյանը հանդես է եկել «Ատոմային էներգետիկայի հեռանկարները Հայաստանում» զեկույցով: Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Գ. Վ. Պլեխանովի անվան ՌՏՈՒ Երևանի մասնաճյուղի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հումանիտար գիտություններ» ամբիոնի վարիչ Կարինե Խիզանցյանցը ներկայացրել է «Ատոմային էներգետիկան որպես անածխածին ապագայի հիմք. ինչու է անհնար հասնել կլիմայական չեզոքության առանց ԱԷԿ-ի» թեմայով դասախոսությունը: Ատոմային էներգետիկայի ոլորտի բազմամյա փորձառու մասնագետ, Հայկական ԱԷԿ-ի նախկին տնօրեն Սուրեն Ազատյանը մասնակիցներին պատմել է Մեծամորի ատոմակայանի պատմության, զարգացման հիմնական փուլերի, շահագործման առանձնահատկությունների և Հայաստանի էներգահամակարգում դրա ունեցած առանցքային դերի մասին:
Փորձագիտական քննարկումներից հետո մասնակիցներն իրենց ստացած գիտելիքները ստուգել են Kahoot ինտերակտիվ խաղ-վիկտորինայի միջոցով: Ծրագրի առանձին հատված նվիրված էր միջազգային կրթական և ոլորտային նախագծերին երիտասարդության մասնակցությանը, որի շրջանակում երիտասարդ ակտիվիստները կիսվել են «Ռոսատոմի» նախաձեռնություններին մասնակցելու իրենց փորձով և ներկայացրել մասնագիտական աճի ու միջազգային համագործակցության ընձեռնվող հնարավորությունները: Impact Team 2050 խորհրդի գործունեությունը ներկայացրել է մենթոր Գագիկ Հարությունյանը: Նա ընդգծել է, որ աշխարհի տարբեր երկրներից 13 ներկայացուցիչ միավորող այս խորհուրդը զբաղվում է ատոմային օրակարգում երիտասարդների ներգրավմամբ և նոր սերնդի մասնագետների պատրաստման հարցերով: Գագիկ Հարությունյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանը մտնում է աշխարհի այն 31 երկրների թվի մեջ, որոնք շահագործում են ատոմակայաններ, և չափազանց կարևոր է, որ նոր սերունդը հասկանա միջուկային էներգետիկայի դերը երկրի անվտանգության ու անկախության ապահովման գործում: «Ատոմ՝ ապագայի էներգիա» երկխոսությունը արդյունավետ հարթակ դարձավ երիտասարդների, փորձագետների և ակադեմիական համայնքի միջև անմիջական շփման և Հայաստանի ատոմային ոլորտի ապագայի շուրջ քննարկումների համար: