Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան
Փարիզի կենտրոնում գտնվող «Անֆան-Ռուժ» շուկան, որը հայտնի է տեղացիների և զբոսաշրջիկների շրջանում, ոչնչացվել է գիշերը տեղի ունեցած հրդեհի հետևանքով, հայտնել է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնական շրջանի քաղաքապետ Արիել Վեյլը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Փարիզի հրշեջները վճռական և արդյունավետ են գործել «Անֆան-Ռուժ» շուկայում: Կրակը մեկուսացված է, սակայն շուկան ամբողջությամբ ավերված է», - հայտնել է շրջանի ղեկավարը:
Դեպքի վայրում աշխատող և հարակից տարածքի անվտանգությունն ապահոված հրշեջների տվյալներով՝ բռնկումը սկսվել է գիշերվա ժամը երեքի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 05:00-ին): Հրշեջները հաստատել են, որ շուկան մոխրացել է: Բռնկման պատճառը չի նշվում:
Փարիզի 3-րդ շրջանում գտնվող մասնակի ծածկված շուկան միավորում է տեղական արտադրողների առևտրային կետերը և բազմաթիվ գաստրոնոմիական կրպակներ․ այն մեծ ժողովրդականություն է վայելում ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում:
«Անֆան-Ռուժ» շուկան՝ Փարիզի ամենահին սննդի շուկան, հիմնադրվել է 1615 թվականին՝ Լյուդովիկոս XIII թագավորի կառավարման օրոք: Անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «Կարմիր երեխաների շուկա», առաջացել է որբանոցի հարևանության պատճառով, որի որբերը կարմիր գույնի հագուստ էին կրում: