Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ-ի հարցը
ՄիջազգայինԱդրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոյի հետ: Ինչպես փոխանցում է APA-ն, այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, ըստ որի՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ոչ վաղ անցյալում Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:
Նախարարները հաստատել են հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ կողմերի ստանձնած պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը, հակամարտության քաղաքական համապարփակ կարգավորմանը հասնելու նպատակով բանակցային լիարժեք գործընթացի շուտափույթ վերսկսման անհրաժեշտությունը:
Մամեդյարովը ողջունել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ առաջարկելու իր ծառայությունները հաջորդ հանդիպումը կարճ ժամանակում կազմակերպելու համար, որի (հանդիպման) մասին կողմերի միջև սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել Վիեննայում:
Հանդիպման ընթացքում երկու երկրի արտգործնախարարները քննարկել են նաև երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Մամեդյարոն Էյրոյին հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Ադրբեջան, ինչն էլ ընդունվել է նրա կողմից: