A320 ինքնաթիռի անձնակազմը Փարիզի օդանավակայանից թռչելու ժամանակ չի հայտնել անսարքությունների մասին. EgyptAir-ի փոխնախագահ
Ուշադրության կենտրոնումՓարիզից Կահիրե ուղևորվելու ժամանակ ռադարներից անհետացած A320 ինքնաթիռի անձնակազմը Փարիզի օդանավակայանից թռչելու ժամանակ չի հայտնել խնդիրների մասին: Այս մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է EgyptAir ավիաընկերության փոխնախագահ Ահմեդ Աբելը:
«Շառլ Դը Գոլ օդանավակայանից Կահիրե թռիչքի ժամանակ չեն եղել անսարքություններ»,- հայտնել է նա:
Ավիաընկերության փոխնախագահի խոսքով՝ օդաչուն 6.000 ժամի թռիչքային փորձառություն ուներ, երկրորդ օդաչուն՝ 4.000 ժամ:
Ինչպես Sputnik-ին հայտնել է Կահիրեի օդանավակայանում աղբյուրը, Կահիրեում վայրէջքից հետո ինքնաթիռը պետք է ուղևորվեր Հուրգադայի օդանավակայան:
SkyNewsArabia հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ուղևորատար ինքնաթիռում եղել են Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իրաքի քաղաքացիներ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն ահնհետացել է ռադարներից: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի տասը անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից: «Մայադին» հեռուստաալիքը Twitter-ի իր էջում՝ վկայակոչելով Egyptair ավիաընկերությունում աղբյուրների, հայտնել է, որ ռադարներից անհետացած Egyptair ավիաընկերության ինքնաթիռն ընկել է Միջերկրական ծովը: