Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին
Եմենի ապստամբական «Անսար Ալլահ» շարժման հութիները բալիստիկ հրթիռով հարված են հասցրել Էր-Ռիադի միջազգային օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Մեր զինված ուժերին հաջողվել է բալիստիկ հրթիռով խոցել Էր-Ռիադի թագավոր Խալիդի անվան օդանավակայանը», — գրել է նա իր Telegram-յան ալիքում։
Նրա պնդմամբ՝ ուղիղ հարվածի հետևանքով Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանում ավիաչվերթների աշխատանքը դադարեցվել է։ Հութիների ներկայացուցիչը նաև կոչ է արել միջազգային ավիաընկերություններին հրաժարվել թագավորության տարածքով թռիչքներից՝ ընդգծելով, որ Սաուդյան Արաբիայի օդային տարածքը «դարձել է ռազմական գործողությունների թատերաբեմ»՝ բացառությամբ մուսուլմանների համար սրբավայրեր համարվող Մեքքայի և Մեդինայի։