Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց
Հունգարիան վերացրել է Եվրոպական միությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկն արգելող իր որոշումը։ Այս մասին հայտնում է Rapporteur-ը՝ վկայակոչելով դիվանագետներին։
Հրապարակման համաձայն՝ Բրյուսելում հոկտեմբերի 7-ին ԵՄ երկրների դեսպանները ճանապարհ են հարթել անդամակցության հարցով Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցություններ սկսելու համար։
Այս շաբաթվա սկզբին պաշտոնական Բուդապեշտն ազդարարել էր, որ կվերացնի նշված հարցով իր առարկությունները, եթե Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատի այդ երկրում բնակվող հունգարական փոքրամասնության իրավունքների պաշտպանության վերաբերյալ համաձայնագիրը։ Հատկանշական է, որ Ուկրաինայի խորհրդարանում այդ հարցով քվեարկությունը նախատեսված է հոկտեմբերի 12-ին։ Ամենայն հավանականությամբ, արդեն դրա հաջորդ օրը Լյուքսեմբուրգում կհավաքվեն ԵՄ երկրների նախարարները և, ինչպես ակնկալում են դիվանագետները, կգումարվի միջկառավարական խորհրդաժողով։
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը 2026 թվականի հունիսի սկզբին հայտարարել էր, որ իր երկրի և Ուկրաինայի միջև՝ անդրկարպատյան հունգարացիների իրավունքների վերաբերյալ համաձայնության հաստատումից հետո Բուդապեշտը չի խոչընդոտի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկին։
Նա, սակայն, հավելել է, որ Հունգարիան նախկինի պես դեմ է Եվրամիությանը որևէ պետության արագացված ընթացակարգով անդամակցությանը՝ հավատարիմ մնալով «արժանիքների վրա հիմնված» մոտեցման կիրառմանը։
Հետևեք մեզ՝ այստեղ