Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում
Թուրքիան կարող է իր բազան տեղակայել Սաուդյան Արաբիայում՝ Մեքքայի պաշտպանական պակտի շրջանակներում թագավորությունում ռազմական ներկայությունը ընդլայնելու պլանների ֆոնին։ Այս մասին հայտնել է Türkiye թերթը։
Türkiye-ի տեղեկություններով՝ Մեքքայի դաշինքի (Պակիստան, Սաուդյան Արաբիա և Թուրքիա) անդամ երկրների կողմից հոկտեմբերի 5-ին Էր Ռիադում ընդունված՝ համատեղ պաշտպանության պարտավորությունների գործնական իրականացմանն անհապաղ անցնելու և ռազմական ուժերի տեղակայման մասին որոշման շրջանակներում, Թուրքիան իր փոքր և միջին հեռահարության ՀՕՊ համակարգերի միջոցով մասնակցելու է Սաուդյան Արաբիայի գազային և էլեկտրաէներգետիկայի չորս կարևորագույն օբյեկտների պաշտպանությանը: Զինծառայողների քանակը, որոնք կուղարկվեն տարածաշրջան, կճշտվի առաջիկա օրերին։
Սաուդյան Արաբիա թուրքական զինվորական կոնտինգենտ ուղղելու մասին որոշումը պետք է ընդունի հանրապետության խորհրդարանը։ Ակնկալվում է, որ դա կարվի հոկտեմբերին։
Բաց մամուլի տվյալներով՝ Թուրքիան ռազմական բազաներ ունի 12 երկրում։ Դրանցից ամենախոշորը գտնվում է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում, որտեղ տեղակայված է ավելի քան 30 հազարանոց զինվորական կոնտինգենտ։ Թուրքիայի բազաները տեղակայված են նաև Կատարում, Իրաքում, Սիրիայում, Սոմալիում, Լիվիայում և մի շարք այլ երկրներում։