ԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ
ԱՄՆ զինված ուժերը վերջին 12 շաբաթվա ընթացքում ոչնչացրել են 13 առևտրային նավ, որոնք, խախտելով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած ծովային շրջափակումը, ուղևորվում էին նրա նավահանգիստներ կամ դուրս էին գալիս այնտեղից։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«Վերջին 12 շաբաթվա ընթացքում CENTCOM-ը ոչնչացրել է 13 առևտրային նավ, որոնք խախտել էին շրջափակումը կամ մտնում էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազմամիլիարդանոց ստվերային ցանցի մեջ», – ասվում է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հրամանատարությունն ընդգծել է, որ CENTCOM-ի ուժերն ապահովում են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ծովային շրջափակման խիստ պահպանումը։
Ըստ հաղորդագրության՝ հուլիսի 14-ին շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ ուժերը վերաուղղորդել են 130 առևտրային նավ, որոնք փորձել են մտնել իրանական նավահանգիստներ կամ դուրս գալ դրանցից, շարքից հանվել է ԱՄՆ-ի պահանջները կատարելուց հրաժարված 3 նավ, իսկ հումանիտար օգնություն տեղափոխող ավելի քան 70 առևտրային նավի թույլատրվել է անցնել շրջափակման գոտով։
CENTCOM-ը խորհուրդ է տվել նավաստիներին հետևել ծովում նավագնացների համար ծանուցումներին և կապ հաստատել ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ, եթե նրանք գտնվում են Օմանի ծոցում և Հորմուզի նեղուցի մատույցներում։