Հութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին
Սաուդյան Արաբիան 106 հարված է հասցրել Եմենի մի շարք շրջանների, այդ թվում՝ մայրաքաղաք Սանային։
«Անցած օրվա ընթացքում սաուդցի զինվորականները 106 օդային և հրթիռային հարվածներ են հասցրել, որոնց թիրախը եղել են քաղաքացիական օբյեկտները մայրաքաղաք Սանայում, ինչպես նաև Էլ Ջաուֆ, Թայիզ, Ամրան, Հաջջա և Սաադա մարզերում»,-հոկտեմբերի 4-ին Telegram-ում հայտնել է հութիների ներկայացուցիչ Յահյա Սարին։
Նա նշել է, որ հարվածներին մասնակցել են F-15 և Typhoon կործանիչներ, որոնք օդ են բարձրացել Սաուդյան Արաբիայի Խամիս Մուշայթ և Էթ Թաիֆ քաղաքների ավիաբազաներից։ Հրթիռներն արձակվել են Նաջրան քաղաքի շրջանում գտնվող դիրքերից։
Սաուդյան Արաբիան ռազմական աջակցություն է ցուցաբերում Եմենի կառավարական զորքերին՝ ավիահարվածներ հասցնելով հութիների դիրքերին՝ փորձելով վերադարձնել Եմենի կորցրած տարածքները: Եմենը հսկայական ռազմավարական նշանակություն ունի թագավորության համար, քանի որ միլիոնավոր բարել սաուդյան նավթ է տեղափոխվում Բաբ էլ Մանդեբի նեղուցով, որը Կարմիր ծով տանող հարավային «դարպասն» է։ Հութիներն ավելի վաղ հայտարարել էին, որ կարգելափակեն սաուդյան լցանավերի անցումը նեղուցով։