Հարավային Կորեայի առաջնորդը հորդորել է Հյուսիսային Կորեային վերականգնել երկխոսությունը
Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյունգը հոկտեմբերի 1-ին կոչ է արել Հյուսիսային Կորեային նպաստել վստահության վերականգնմանը և վերսկսել երկխոսությունը։ Հայտարարությունը հնչել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Սեուլն ու Փհենյանը փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցրել ականային միջադեպի շուրջ, որը Հարավային Կորեայի զինված ուժերի և ՄԱԿ-ի հրամանատարության գնահատմամբ զինադադարի խախտում էր։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Հույս ունեմ, որ Հյուսիսը այժմ կմիանա մեզ վստահությունը վերականգնելու և երկարատև ընդմիջումից հետո երկխոսությունը վերսկսելու ճանապարհին», – ասել է Լին՝ Երկրի զինված ուժերի օրվան նվիրված ելույթում։ Նա հավելել է, որ իր վարչակազմը «հետևողականորեն կշարունակի գործնական միջոցառումներ ձեռնարկել երկու Կորեաների միջև ռազմական լարվածությունը նվազեցնելու համար»։
Հարավային Կորեայի զինված ուժերը և ՄԱԿ-ի հրամանատարությունը հայտարարել էին, որ Հյուսիսային Կորեան խախտել է Կորեական պատերազմի զինադադարը՝ անցյալ շաբաթ ապառազմականացված գոտում ականի պայթյունից հետո, որի հետևանքով երեք հարավկորեացի զինծառայող վիրավորվել էր։
Պաշտպանական բարեփոխումների լայնածավալ ծրագրի շրջանակում Լին իր ելույթում նաև հայտարարել է, որ Հարավային Կորեան մինչև 2030-ականների կեսերը կկառուցի միջուկային էներգիայով աշխատող սուզանավեր և կարդիականացնի հակահրթիռային պաշտպանության համակարգերը, այդ թվում՝ արհեստական բանականության վրա հիմնված հրամանատարության և կառավարման համակարգերն ու բարձր էներգիայի լազերային որսացող համակարգերը։
Նրա խոսքով՝ արդիականացման ծրագիրը ներառելու է նաև արհեստական բանականության կարողությունների ընդլայնում, զինված ուժերի կառուցվածքի վերափոխում։