ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեղադրանքով քրեական գործ է հարուցել ռուսաստանցի նախկին մոդել, Մեծ Բրիտանիայում «Ռուսական ժողովրդավարական հասարակություն» (Russian Democratic Society) կազմակերպությունը հիմնած Քսենիա Մաքսիմովայի նկատմամբ, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ ՌԴ ԱԴԾ-ին հղումով:
Հետախուզական ծառայությունը նշել է, որ Մաքսիմովան «Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի» «հյուպատոսն է», որը Ռուսաստանում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։
Ըստ հետաքննության՝ Մաքսիմովան «Ռուսական ժողովրդավարական հասարակություն» կազմակերպության միջոցով կազմակերպել է դրամահավաք և այլ օգնություն Ուկրաինայի շահերից ելնելով:
Ռուս իրավապահները նաև պնդում են, որ կազմակերպությունն իր հերթին դարձել է Ռուսաստանում «իշխանությունը բռնի զավթելու և սահմանադրական կարգը փոփոխելու» ծրագրեր մշակող անձանց ելույթների, ռուսական բանակի մասին կեղծ լուրեր տարածելու և «արևմտյան կուրատորների շահերից ելնելով՝ ռուս պաշտոնյաների հոգեբանական հետապնդման» գործողություններ իրականացնելու հարթակ։
«Ռուսաստանի ԱԴԾ-ն կշարունակի աշխատանքը՝ չեզոքացնելու ահաբեկչական գործունեությունը, որը նախաձեռնել Լոնդոնը ռուս ռելոկանտների միջոցով», – ասվում է Ռուսաստանի հետախուզական գործակալության հայտարարությունում:
«Ռուսական ժողովրդավարական հասարակություն» կազմակերպությունը Ռուսաստանում «անցանկալի» կազմակերպություն է ճանաչված:
Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեն ստեղծվել է 2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմին հակազդելու համար։
2025 թվականի հոկտեմբերին ՌԴ ԱԴԾ-ն հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել գործարար Միխայիլ Խոդորկովսկու և կոմիտեի ևս 22 անդամների դեմ՝ իշխանությունը բռնի զավթելու, ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու և դրա գործունեության մասնակցելու համար: