Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց
ՄիջազգայինԿորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնն ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները՝ նոր միջուկային սպառազինությունների և բալիստիկ հրթիռների մշակումը դադարեցնելու՝ Փհենյանի պարտավորության դիմաց։ Այս մասին Հարավային Կորեայի նախագահն ասել է The New York Times-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ շատ արժեքավոր կարող է լինել, եթե փոխզիջում արվի պատժամիջոցների, որոնք, միևնույն է, առանձնապես արդյունավետ չեն, և միջուկային սպառազինությունների ու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների լրացուցիչ տեխնոլոգիաների հետագա մշակման դադարեցման միջև», – ասել է նա։
Լի Չժե Մյոնը հավելել է, որ ներկայիս պայմաններում Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացման փորձերը հաջողությամբ չեն կարող պսակվել։ Նրա խոսքով՝ միջուկային զենքի սառեցումն ապահովելուց հետո փոխադարձ խթանների և զիջումների միջոցով հնարավոր կլիներ վստահություն ձևավորել՝ ի վերջո համոզելու Հյուսիսային Կորեային կրճատել իր միջուկային զինանոցը։
Վկայակոչելով Հարավային Կորեայի գնահատումները, ըստ որոնց Հյուսիսային Կորեան այժմ ի վիճակի է արտադրել կամ, գուցե, արդեն իսկ արտադրում է տարեկան լրացուցիչ 10-20 միջուկային զենք՝ Լի Չժե Մյոնը հավելել է, որ ներկայիս փակուղային իրավիճակը չափազանց վտանգավոր է, և չի կարելի թույլ տալ, որ այն շարունակվի։
«Երբ Հյուսիսային Կորեան համոզվի, որ կուտակել է բավարար քանակությամբ միջուկային զենքեր և հրթիռներ՝ իր գոյությունը երաշխավորելու համար, այն գայթակղություն կունենա դրանք արտահանել՝ գումար վաստակելու նպատակով։ Դա իսկապես վտանգավոր պահ կլինի», – ասել է նախագահը։
Երկու Կորեաների միջև հարաբերությունները մնում են սառեցված։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրաժարվել է Փհենյանի՝ վերամիավորմանն ուղղված քաղաքականությունից՝ Հարավային Կորեան բնութագրելով որպես երկրի ամենաթշնամական պետություն և հրահանգելով ուժեղացնել սահմանագծի պաշտպանությունը։