Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է նախապատրաստել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ, գրել է Reuters-ը
Սահմանափակումները կարող են արգելել ամերիկյան քաղաքացիներին և ընկերություններին դատարանի հետ որևէ ֆինանսական գործարք իրականացնել առանց հատուկ թույլտվության։
Քննարկումներին տեղյակ աղբյուրների համաձայն՝ պատժամիջոցների փաթեթն արդեն մշակվել է, սակայն վարչակազմը դեռևս չի հաստատել դրա հայտարարման ժամկետը։ Դիտարկվող տարբերակներից մեկը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում սահմանափակումների կիրառումն է։
ՄՔԴ-ի՝ որպես իրավաբանական անձի դեմ պատժամիջոցները կնշանավորեն Վաշինգտոնի և դատարանի միջև հակամարտության նոր փուլ։ Միացյալ Նահանգները նախկինում սահմանափակումներ է կիրառել առանձին դատախազների և դատավորների, այդ թվում՝ ՄՔԴ նախագահ Տոմոկո Ականեի նկատմամբ։
Նոր փաթեթի ընդունման դեպքում ԱՄՆ բանկերին, ընկերություններին և քաղաքացիներին կարգելվի գործարքներ իրականացնել դատարանի հետ՝ առանց ամերիկյան իշխանությունների թույլտվության։ Սահմանափակումները կարող են ազդել աշխատավարձերի վճարման, բանկային ծառայությունների, ապահովագրության, ՏՏ համակարգերի և ՄՔԴ-ի արտաքին կապալառուների աշխատանքի վրա։
Reuters-ը նշել է, որ պատժամիջոցները կարող են ազդել նաև ԱՄՆ-ից դուրս գործող ընկերությունների վրա։ Միջազգային բանկերը և ծառայություններ մատուցողները կարող են հրաժարվել համագործակցել դատարանի հետ՝ հաշվի առնելով դոլարային գործարքներից և ԱՄՆ ֆինանսական համակարգից ունեցած կախվածությունը։