Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար
ՄիջազգայինՍերբիայի իշխանությունները պահուստներից շուկա կուղարկեն 20 հազար տոննա դիզելային վառելիք՝ գների աճը կանխելու համար, սակայն ձմռանը իրավիճակը կարող է բարդ լինել։ Այս մասին հայտնել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Ինձ մտահոգում է, թե ինչպիսի ձմեռ է մեզ սպասվում, սակայն մենք գիտենք մեր խնդիրը․ պետք է պահպանենք կայունությունն ու խաղաղությունը և ապահովենք շուկայի անխափան մատակարարումը՝ սպառողներին նավթամթերքի և գազի հասանելիություն երաշխավորելով։ Հեշտ չի լինելու, բայց ես հավատում եմ, որ մենք կհաղթահարենք դա»,- Սերբիայի ռադիոյի և հեռուստատեսության եթերում հայտարարել է նա։
Նախագահի խոսքով՝ իշխանությունները լրացուցիչ 20 հազար տոննա դիզելային վառելիք են ուղարկում շուկա։ «Մենք գները հնարավորինս երկար կպահենք այլ երկրներում գործող գներից ցածր մակարդակում»,- ընդգծել է նա։
Միևնույն ժամանակ Վուչիչը նշել է, որ Բելգրադը չի կարող ազդել նավթի համաշխարհային գների վրա, քանի որ սեփական նավթարդյունահանում չունի։ Ավելի վաղ նա նախազգուշացրել էր, որ ածխաջրածինների և վառելիքի համաշխարհային գների աճի պատճառով Եվրոպային լուրջ տնտեսական խնդիրներ են սպասվում։