Ֆինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին
ՄիջազգայինՖինլանդիան որոշել է միանալ Ֆրանսիայի կողմից առաջ մղվող այսպես կոչված առաջադեմ միջուկային զսպման նախագծին։ Այդ մասին ասվում է երկու երկրների ղեկավարության համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ելիսեյան պալատի կողմից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր Ֆինլանդիան որոշում է կայացրել միանալ «առաջադեմ զսպման» հայեցակարգին: Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կստեղծվի միջուկային հարցերով ղեկավար խումբ, որը ձեռնամուխ կլինի այս համագործակցության իրականացմանը»,- ասվում է կոմյունիկեում։
Հայտարարության տեքստում նշում է, որ այս քայլը չի հակասում երկու երկրների միջազգային պարտավորություններին։ Ելիսեյան պալատում հայտարարել են, որ այս որոշումը հնարավորություններ կբացի ռազմավարական ազդանշաններ տալու, ինչպես նաև կթույլատրի կառավարել հակամարտության էսկալացիան միջուկային շեմից ցածր մակարդակում։
Օգոստոսին Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը Kyodo գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հելսինկիում հետաքրքրված են ամբողջ Եվրոպայի վրա ֆրանսիական միջուկային հովանոցի ընդլայնման քննարկմամբ։ Ընդ որում՝ նա հանդես էր եկել այն պնդմամբ, որ Ֆինլանդիան մտադրություն չունի միջուկային զենք տեղակայել՝ չնայած երկրի օրենսդրության մեջ վերջերս կատարված փոփոխություններին և միջուկային նյութի ներկրման ու պահպանման թույլտվությանը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր առաջադեմ զսպման հայեցակարգին անցնելու Ֆրանսիայի մտադրության մասին, որը ենթադրում է համատեղ զորավարժություններ գործընկեր երկրների հետ, ինչպես նաև Եվրոպական մայրցամաքի այլ երկրների տարածքում Ֆրանսիայի ռազմավարական ուժերի տարրերի տեղակայում։ Պետության ղեկավարը նաև հայտարարել էր հանրապետության միջուկային զինանոցը մեծացնելու պլանների մասին, ընդ որում՝ Փարիզն այլևս մտադրություն չունի բացահայտել մարտագլխիկների ստույգ թիվը։