Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ՀասարակությունՍեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում «Դիլիջան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի թիվ 2 միջնակարգ դպրոցում վայր ընկնելու հետևանքով «փայծախի պատռվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի անչափահաս տղա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը ովքեր պարզել են, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածը Տավուշի մարզի բնակիչ 11-ամյա տղա է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում նշված դպրոցի տնօրեն, Տավուշի մարզի բնակիչ 46-ամյա Քրիստինե Ս․-ն հայտնել է, որ 6-Բ դասարանի աշակերտը վերոնշյալ մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 12։20-ից 12։30-ի սահմաններում, դասամիջոցին դասից փախչելու ժամանակ, իր դասընկերներ՝ Տավուշի մարզի բնակիչներ 10-ամյա, 11-ամյա, 10-ամյա, 11-ամյա, 10-ամյա և 11-ամյա աշակերտների ներկայությամբ, դպրոցի առաջին հարկի դասասենյակի լուսամուտից՝ մոտ 1,5 մ բարձրությունից, դուրս ցատկելու և բետոնե եզրաքարի վրա վայր ընկնելու հետևանքով։
Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։