Քրդերի հետ բախումներում. թուրքական բանակը 8 զինծառայող է կորցրել
ՄիջազգայինԹուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա քաղաքում Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ազատամարտիկների հետ զինված ուժերի բախումներում թուրքական բանակը 6 զինծառայող է կորցրել: Բախումներին միջամտելու համար շրջան ուղարկված Թուրքիայի օդուժի Kobra տեսակի ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են նաև նրա երկու օդաչու:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:
Բախումները տեղի են ունեցել այսօր տեղական ժամանակով մոտ ժամը 04:50-ին՝ Չուքուրջայի Չըղլը Ուս շրջանում:
Քրդերից վրեժ լուծելու համար թուրքական բանակը բախումների շրջան է ուղարկել F-16 ռազմական ինքնաթիռ, հարձակողական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և օգնական զորամիավորումներ:
Թուրքիայի ուժային կառույցներն ինքնավարության ձգտող քրդերի դեմ իսկական պատերազմ են սկսել: Թուրքիան խրվել է ներքին պատերազմի մեջ:
«Անատոլու»-ն հաղորդել է, որ Թուրքիայի արևելյան և հարավարևելյան քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրի Սուր գավառում մայիսի 12-ին պայթուցիկով բեռնավորված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, 22 մարդ վիրավորվել է, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Պայթյունը մեծ վնաս է հասցրել շրջակայքում գտնվող տներին:
Մայիսի 11-ին Դիարբեքիրում պայթուցիկով բեռնավորված մի այլ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել էր 3 մարդ, վիրավորվել 45-ը:
Ստամբուլում զորանոցների հարևանությամբ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով տուժել է 5 քաղաքացիական անձ: Մարտի 19-ին Ստամբուլի կենտրոնում մահապարտ ահաբեկչի՝ իրեն պայթեցնելու հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 36-ը, այդ թվում՝ արտասահմանցիներ, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
1984 թվականից մինչ այժմ ՔԱԿ ազատագրական պատերազմում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում սպանվել է մոտ 50 հազար մարդ: