ՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտել են ստորջրյա մալուխները վնասելու նպատակով ռուսական սուզանավերի գաղտնի վարժանքները. Reuters
ՄիջազգայինՆԱՏՕ-ի դաշնակիցներն այս գարնանը Արկտիկայի Սվալբարդ արշիպելագի մերձակա ջրերում բացահայտել են ռուսական սուզանավերի կողմից վարժանքներ իրականացնելու փաստը։ Դրանց ընթացքում, ըստ արևմտյան պաշտոնյաների, փորձարկվել է կարևոր ստորջրյա մալուխներն աննկատ վնասելու համար նախատեսված գաղտնի զինատեսակ։ Reuters-ին այդ մասին անանունության սկզբունքով հայտնել է երկու պաշտոնյա։
Նրանց տեղեկություններով՝ գաղտնի գործողությունն իրականացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Խորջրյա հետազոտությունների գլխավոր վարչությունը (ԳՈՒԳԻ)։ Ռուսական կողմը սուզանավերի միջոցով մոդելավորել է առաջադեմ տեխնոլոգիայի կիրառումը։
Բրիտանիայի, Նորվեգիայի և ԱՄՆ-ի համատեղ գործողության շրջանակում ռուսական նավերը հայտնաբերվել են։ Դրանց թույլ չի տրվել մինչև վերջ իրականացնել վարժանքը, և ռուսական նավերը, ի վերջո, հեռացել են տարածքից։
Բրիտանիան և Նորվեգիան ապրիլին հայտնել էին, որ Արկտիկայի ջրերում հայտնաբերել են Ռուսաստանի կողմից գաղտնի գործողություն իրականացնելու փաստը։ Սակայն նոր զինատեսակի հայտնաբերման, գործողության վայրի և ԱՄՆ-ի մասնակցության մասին մինչ այժմ չէր հաղորդվել։
ԱՄՆ-ի երեք պաշտոնյաներ Reuters-ին ասել են, որ ամերիկյան հետախուզության որոշ վերլուծաբաններ ավելի ու ավելի են մտահոգվում, որ Ռուսաստանը կարող է փորձարկել ՆԱՏՕ-ի փոխադարձ պաշտպանության մեխանիզմը։ Արևմտյան պաշտոնյաների գնահատմամբ՝ նման իրավիճակում ստորջրյա մալուխների ոչնչացումը կարող է այդ գործողությունների կարևոր բաղադրիչը լինել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը միջադեպի վերաբերյալ Reuters-ի հարցմանը չի պատասխանել։