ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը դարձյալ կայցելի Ադրբեջան
HeaderՌուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը մայիսի 17-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալությունը' հղում կատարելով «տեղեկացված աղբյուրին»:
«Ռուսաստանի փոխվարչապետը Բաքվում բանակցություններ կանցկացնի ադրբեջանական ղեկավարության հետ: Այցի շրջանակում, մասնավորապես, կքննարկվի մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող այցն Ադրբեջան»,- ասել է գործակալության աղբյուրը:
Կողմերը կքննարկեն նաև ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:
Վերջին անգամ Դմիտրի Ռոգոզինը այցով Բաքվում եղել էր ապրիլի 8-ին: Այցի ընթացքում կարգավորվել էին Ադրբեջան ռուսաստանյան սպառազինության մատակարարումների հետ կապված որոշ խնդիրներ:
Ադրբեջանին զենք վաճառելու դեմ հայկական կողմի բողոքին Ռոգոզինը պատասխանել էր, որ «ՌԴ-ն շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին»:
Ռոգոզինը Ռուսաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է: Նա ՌԴ կառավարությունում միաժամանակ վերահսկում է ռազմական արդյունաբերության համալիրը: Ռոգոզինը մարտին գաղտնի այց էր կատարել Բաքու և բանակցություններ անցկացրել Ադրբեջանին վաճառվող ռուսաստանյան սպառազինության պայմանագրերում ծագած խնդիրների շուրջ:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանը պատրաստվում է Ռուսաստանից հերթական խոշոր զենքի խմբաքանակ և ռազմական տեխնիկա գնելու պատվեր տալ: Ենթադրվում է, որ Ռոգոզինի Բաքու կատարելիք այցի ժամանակ քննարկվելու է նաև այդ հարցը:
Ռուսաստանյան ԶԼՄ-ները ոչ Ռոգոզինի, ոչ էլ Պուտինի Ադրբեջան կատարելիք այցերի մասին չեն հայտնում: