ՀՀ-ում օգոստոսին բենզինի, դիզվառելիքի ու մեքենաների գազի գներն աճել են. վիճակագրություն
ՀասարակությունՀՀ սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը (2026թ. օգոստոսը 2025թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 4.4%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`0.2%: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ:
2026թ. օգոստոսը 2025թ. օգոստոսի նկատմամբ գների ամենից մեծ աճն արձանագրվել է կաթնամթեր ու պանիր` 11.8 %, օղի` 11%, միս` 10.8% և միրգ` 10.5%, ապրանքախմբերում։
Գների մեծ աճ է արձանագրվել հետևյալ ապրանքատեսակներում` ձու` 27.4%, տավարի միս` 22.6%, գառան, ոչխարի միս` 15.5 %, կակաո` 18.2%։ Գները նվազել են թարմ իշխան ձկան` 12.7 %, բրնձի` 4.7%, լոբու` 4.5%, ոսպի` 3.2 % դեպքում։
Միգ–բանջարեղենի շուկայում գներն անկումային են եղել։ Ամենից մեծ գնանկումը եղել է ծիրանի` 46.4 %, կանաչ լոբու` 43.5, լոլիկի` 39.9 %, կարտոֆիլի` 34.5 %, պղպեղի` 33 %, դեղձի` 31.2 %, վարունգի` 30.4 % դեպքում։ Գներն անհամեմատ բարձր են եղել մանդարինի դեպքում (21.2 %)։
Նշենք, որ «Ռոսսելխոզնադզորը» այս տարվա մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից մի շարք ապրանքների, այդ թվում` միրգ–բանջարեղենի արտահանումը Ռուսաստան։ Արդյունքում, չարտահանված ապրանքների մեծ ծավալները հայ տնտեսվարողները ստիպված էին իրացնել հիմնականում տեղական շուկաներում։
Կոմիտեի հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ այս տարվա օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել են 2.4%–ով: Այս շուկայում կրկին առաջատարը ոսկերչական զարդերն են, որտեղ գները աճել են 25.3 %–ով, իսկ ամենից մեծ նվազումն արձանագրվել է սիրողական այգեգործության բնագավառում` 12.6 %։
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում դիտարկվող ժամանակահատվածում սակագներն աճել են 2.8%–ով:
Այս տարվա օգոստոսին բենզինի գները բարձրացել են 11 %–ով, դիզելային վառելիքինը` 25 %–ով, իսկ հեղուկ ածխաջրածիններինը (բութան, պրոպան և այլն)` 23.6 %–ով։
Նշենք, որ այս պահին հայաստանյան լցակայաններում բենզինի ռեգուլյար տեսակը վաճառվում է 550 դրամով, իսկ պրեմիումը` 580 դրամով։ Ինչ վերաբերում է հեղուկ գազին, ապա օգոստոսին գինը կազմել է 230–240 դրամ։
2026թ. օգոստոսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 365.5 դրամ (2025թ. օգոստոսին այն կազմել է 383.2 դրամ):