Միջազգային հանրությունը պետք է ջանա չեզոքացնել Ադրբեջանի դիրքորոշումը. ԼՂՀ ԱԳՆ
HeaderՄիջազգային հանրության ջանքերը պետք է առաջին հերթին ուղղվեն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման չեզոքացմանը: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:
Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵՄ-ի դերի մասին հարցին՝ նախարարը նշեց, որ այն բազմիցս է հնչեցվել: Մասնավորապես, այն արտահայտվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցությամբ, բացի այդ, ԵՄ-ն հայտարարել է կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ստեղծման եւ ամրապնդման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին:
«Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ Ադրբեջանը սարսափելի հարված հասցրեց այդ վստահությանը: Միջազգային հանրության ջանքերը պետք է առաջին հերթին ուղղվեն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման չեզոքացմանը: Դրանից հետո միայն մենք կարող ենք խոսել վստահությանն ուղղված քայլերի մասին»,- ասաց ԼՂՀ ԱԳ նախարարը: