Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի (հրատապ) համարվող ծրագրերի իրականացումը: Ըստ այդմ՝ ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 287,140.6 հազար դրամ, որից 15,142․5 հազար դրամը՝ Լոռու մարզպետի աշխատակազմին, 69,667․9 հազար դրամը՝ Շիրակի, 31,985․0 հազար դրամը՝ Սյունիքի, 437․0 հազար դրամը՝ Վայոց ձորի, 169,908․2 հազար դրամը՝ Տավուշի։
Գումար կհատկացվի Լոռու մարզում Վանաձոր քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի գլխավոր մուտքի վրա թեքահարթակների կառուցման, Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի ջրամատակարարման արտաքին ջրատար համակարգի վերակառուցման աշխատանքների ծրագրում լրացուցիչ իրականացված աշխատանքների ֆինանսավորման համար։ Շիրակի մարզում կիրականացվեն՝ Անի համայնքի Անիպեմզա բնակավայր մտնող 335 մետր երկարությամբ հատվածի ասֆալտապատման, Ախուրիկ բնակավայրում ժամանցի կենտրոնի կառուցման աշխատանքներ։ Սյունիքի մարզում կիրականացվեն Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրում խաղահրապարակի կառուցման աշխատանքներ։ Գումար կհատկացվի Վայոց ձորում՝ Տ-9-23/Տ-9-21/-Արտաբույնք–Հորբատեղ մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհի 3,1 կմ հատվածի փլուզված մասի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։ Տավուշի մարզում կիրականացվեն Բերդ համայնքի Տ-10-50 /Հ-82/- Վերին Ծաղկավանի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ։
Անդրադառնալով Երերույքի տաճար տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այնտեղ հնավայր-թանգարան է հիմնադրում։ Արձագանքելով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է. «Մի կողմից անում ենք ամրակայման, վերականգնման աշխատանքները, մյուս կողմից՝ պեղումներ: Տարածքը շատ մեծ պոտենցիալ ունի, և պլանավորում ենք նաև զարգացնել՝ դրանով նպաստելով նաև հարակից Անիպեմզա բնակավայրի զարգացմանը»։
Անդրադառնալով Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի խաղահրապարակի կառուցման աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանն այն համարել է շատ խորհրդանշական. «Շատ կարևոր է, որ Ներքին Հանդի ժողովուրդը խնդրել են իրենց համար խաղահրապարակ կառուցել։ Այսինքն, որ ասում ենք՝ խաղաղությունը կա թե չկա, սրա մասին է։ Դա նշանակում է, որ Ներքին Հանդի ծնողները պատրաստ են երեխաներին թույլ տալ, որ գնան այդ խաղահրապարակում խաղան, չունեն չէ՞ մտավախություն։ Պարզ է, որ սահմանազատում արված չէ այնտեղ, պարզ է, որ հարցեր կան։ Դա նշանակում է, որ մարդիկ նաև արդեն արձանագրել են, որ այդ հարցերի լուծման ընդհանուր տրամաբանությունը և փիլիսոփայությունը տեղափոխվել է այլ դաշտ։ Այդ դաշտը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգն է, որը և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում վավերացված է, պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է։ Եվ սա շատ խորհրդանշական է»։
Հետևեք մեզ՝ այստեղ