Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրայի շրջանի Ջուբաթա ալ-Խաշաբ գյուղաքաղաք՝ խուզարկություններ անցկացնելով մի քանի տանը և ձերբակալելով երկու երիտասարդի։ Այս մասին հաղորդում է Syria TV հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի թղթակիցը հայտնել է, որ մոտ 100 զինվորից և 15 ռազմական տրանսպորտային միջոցից բաղկացած իսրայելական պարեկախումբը մտել է բնակավայր՝ հավելելով, որ այդ ընթացքում անօդաչու թռչող սարքեր են նկատվել տարածքում։
Բացի այդ, տեղեկություններ են հաղորդվում, որ իսրայելական ուժերը շարունակում են անտառահատումներ իրականացնել Ջուբաթա ալ-Խաշաբ բնակավայրի մոտակայքում։ 2024 թ. դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո Իսրայելը ցամաքային ներխուժումներ է իրականացնում սիրիական Կունեյտրայի և Դարաայի շրջաններում՝ վերահսկողություն հաստատելով բուֆերային գոտու նկատմամբ։
«Ջուսուր» հետազոտությունների կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն՝ Սիրիայում իշխանափոխությունից ի վեր Իսրայելն ամրապնդել է իր ռազմական ներկայությունը Սիրիայի հարավում՝ բուֆերային գոտու ներսում և դրա շուրջը ստեղծելով 11 բազաներից և ռազմական կետերից բաղկացած ցանց։
Իսրայելը դիմել է նաև սահմանային շրջաններում ռմբակոծությունների, ինչը սիրիական կողմը որակել է որպես միջազգային իրավունքի կանոնների, ՄԱԿ-ի՝ պետական ինքնիշխանության վերաբերյալ բանաձևերի և 1974 թվականին կնքված անջատման մասին համաձայնագրի խախտում։
Հետևեք մեզ՝ այստեղ