Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը
ՀասարակությունUcom-ի աջակցությամբ «Արևորդի» բնապահպանական հասարակական կազմակերպությունը Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ամառային դպրոցի շրջանակում անցկացրեց բնապահպանական կրթական ինտերակտիվ միջոցառում՝ ներկայացնելով «Մտապահիր կենդանիներին» նոր կրթական խաղը։

Խաղի ընթացքում երեխաները ծանոթացան Հայաստանում հանդիպող կենդանատեսակներին՝ միաժամանակ զարգացնելով հիշողությունը, ուշադրությունն ու ճանաչողական հմտությունները։ Նախաձեռնության նպատակն է խաղային և երեխաների համար հասանելի ձևաչափով զարգացնել նրանց հետաքրքրությունը բնության նկատմամբ, բարձրացնել շրջակա միջավայրի պահպանության և Հայաստանի կենսաբազմազանության վերաբերյալ իրազեկվածությունը։
Ամառային դպրոցի սաների հետ խաղի փորձարկմանը և բնապահպանական թեմաներով քննարկմանը մասնակցեց նաև Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Ucom-ի՝ որպես կանաչ ընկերության համար կարևոր է աջակցել նախաձեռնությունների, որոնք օգնում են ճանաչել Հայաստանի բնությունը և դեռ փոքր տարիքից գիտակցել այն պահպանելու իրենց դերը։ Բնապահպանական մտածողությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ բնության մասին գիտելիքները ներկայացվում են հասկանալի և հետաքրքիր ձևով։ Խաղը լավագույն գործիքներից մեկն է, քանի որ այն միավորում է կրթությունը, հաղորդակցությունն ու անմիջական մասնակցությունը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

««Արևորդի» ՀԿ-ի առաքելության առանցքում երեխաների ու պատանիների բնապահպանական կրթությունն է։ «Մտապահիր կենդանիներին» խաղը պարզապես ժամանց չէ․ այն հնարավորություն է փոքր տարիքից ճանաչելու Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունն ու եզակի կենդանատեսակները։ Սովորելով սիրել ու պահպանել բնությունը խաղի միջոցով՝ երեխաները դառնում են դրա ապագա պաշտպանները։ Ուրախ ենք Ucom-ի հետ այս համագործակցության համար, որի շնորհիվ ստեղծել ենք գործնական ու հետաքրքիր կրթական գործիք», – ընդգծել է «Արևորդի» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Սոնա Քալանթարյանը։
Միջոցառման ավարտին խաղի օրինակներ տրամադրվեցին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանին և մասնակից երեխաներին՝ հնարավորություն տալով շարունակել բացահայտել Հայաստանի կենդանական աշխարհը նաև հանդիպումից հետո։
Նախաձեռնությունն իրականացվում է նաև ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին ընդառաջ իրականացվող իրազեկման աշխատանքների շրջանակում։ Նախատեսվում է տպագրել խաղի ավելի քան 500 օրինակ, որոնք COP17-ի ընթացքում կանաչ գոտում կտրամադրվեն երեխաներին։
«Յուքոմ» ՓԲԸ
Մամլո ծառայություն
Էլ․ փոստ՝ [email protected]