ԵՄ-ում 400 հազար փախստական երեխաներ զրկված են իրավական կարգավիճակից. ՄԱԿ
ՄիջազգայինԱվելի քան 400 հազար երեխա, որոնք Եվրամիությունում ապաստան ստանալու դիմում են ներկայացրել 2015 թվականին, չունեն իրավական կարգավիճակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հորդորում է եվրոպական երկրների իշխանություններին, որոնք քննարկում են փախստականներին ու միգրանտներին ապաստան տրամադրելու նոր կանոնները, նախ եւ առաջ ելնել անչափահասների իրավունքները հարգելու անհրաժեշտությունից:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ ավելի քան 400 հազար երեխաներ, որոնք 2015 թվականի հունվարից մինչեւ նոյեմբեր Եվրպայում ապաստան ստանալու դիմումներ են ներկայացրել, այժմ գտնվում են իրավական վակուումում»,- ասել է Դյուժարիկը: Նա ՅՈՒՆԻՍԵՖ-ի անունից հորդորել է Եվրամիությանը՝ «ժամանակին ընդունել որոշումներ, որոնք երեխաներին կպաշտպանեն վտանգներից, կապահովեն միության անդամ պետությունների միջև տեղեկատվության արագ փոխանակումը», ինչպես նաև կերաշխավորեն, որ բոլոր գործողությունները կիրականացվեն՝ ելնելով «յուրաքանչյուր այն երեխայի շահերին, որին չի ուղեկցում ծնողը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: