Ադրբեջանական ագրեսիան իր նպատակին չի հասել նաև տնտեսության առումով. Արծվիկ Մինասյան
ՀասարակությունԱդրբեջանական ագրեսիան, որի նպատակն էր ի վերջո նաև հարված հասցնել Հայաստանի տնտեսական իրողություններին, տնտեսական ակտիվությանը, լիովին ձախողվել է: Կառավարության նիստից հետո լրագրողների զրույցում այդ մասին ընդգծեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ապրիլին Հայաստանում հարկահավաքության ցուցանիշների վերաբերյալ հայտարարությանը: «Նախագահի հայտարարությունը փաստ է: Այն պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ նաև ի պատիվ մեր տնտեսավարողների, չենթարկվեցին ամենատարբեր ասեկոսեների և կատարեցին իրենց պարտավորությունները: Երկրորդը՝ հարկային մարմինն այդ առումով արդյունավետ է աշխատել: Եվ վերջապես երրորդը՝ չմոռանանք, որ ապրիլ ամիսը նաև շահութահարկի գծով կանխավճարների վճարման ժամանակահավածն է: Այսինքն՝ մի քանի գործոնների զուգակցմամբ , այո՛, ունենք այսպիսի արդյունք, և դա պետք է դրական դիտարկել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մինասյանը՝ ավելացնելով, որ ադրբեջանական ագրեսիան, որի նպատակն էր ի վերջո նաև հարված հասցնել Հայաստանի տնտեսական ակտիվությանը, լիովին ձախողվել է:
Ըստ նախարարի՝ դրա ապացույցներից մեկն էլ հենց նաև ՀՀ նախագահի ներկայացրած ցուցանիշներն են: «Ադրբեջանական ագրեսիան իր նպատակին չի հասել: Գոնե տնտեսության առումով դա վստահաբար ասում եմ»,- նկատեց նախարարը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ին Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ապրիլին ՊԵԿ-ը հավաքագրել է մոտ 100 միլիարդ դրամ: «Մեր երկրի պատմության մեջ նման բան չի եղել»,-հայտարարել է ՀՀ Նախագահը: