Շուրջերկրյա թռիչք կատարող Solar Impulse 2 ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆինիքսում
ՄիջազգայինՇվեյցարացի օդաչու Անդրե Բորշբերգը, որը Solar Impulse 2 (Si2) արևամարտկոցներով աշխատող ինքնաթիռով շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարում իր գործընկերոջ հետ, հաջողությամբ վայրէջք է կատարել ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 2-ին այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Նրա տվյալներով՝ Si2-ը վայրէջք է կատարել Ֆինիքիսի արվարձանում՝ Գուդիեր քաղաքում, տեղական ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 08:00-ին): Ինչպես նշվում է, Կալիֆոռնիայի նահանգից թռիչքը, որը տևել է շուրջ 16 ժամ, անցել է հաջող:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, Արիզոնայում կանգ առնելու տևողությունը կհասցվի նվազագույնի: Արիզոնայից Բորշբերգը և ճանապարհորդության ընթացքում նրա գործընկեր Բերտրան Պիկարը ծրագրում են մեկնել Նյու Յորք, այնուհետև՝ Եվրոպա կամ Հյուսիսային Աֆրիկա և վերջապես՝ Աբու Դաբի, որտեղ 2015 թվականի մարտի 9-ին սկսվել է նրանց ճանապարհորդությունը:
Ծրագրի նպատակն է ցուցադրել էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների հնարավորությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: