Ընտրություների արդյունքում Իրանի խորհրդարանի երեք քառորդը նոր պատգամավորներ են. ԶԼՄ
ՄիջազգայինԻրանի նոր Մեջլիսի (խորհրդարան) կազմն ընտորւթյունների արդյունքում նախորդի համեմատ գրեթե երեք քառորդով նորացել է։ Այս մասին մայիս 1-ին հայտնել է «Մեհր» գործակալությունը։
«Մեջլիսի ընտրությունների արդյունքում խորհրդարանի Բահարիստան պալատում իր աթոռները պահպանել է նախորդ կազմի 26,5%-ը»,- ասվում է հաղորդագրությունում։
«Մեհր»-ի տվյալներով՝ 290 պատգամավորական տեղերից 213-ը կզբաղեցնեն նորեկները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ընտրությունների երկու փուլերի արդյունքներով, որոնք անցկացվել են փետրվարի 26-ին և ապրիլի 29-ին, խորհրդարանի նոր կազմել են անցել 18 կանայք։ Այդ մասին Մայիսի 1-ի առթիվ իր ելույթում նշել է Իրանի Նախագահ Հասան Ռոուհանին։
Սակայն երկրորդ փուլի և նոր խորհրդարանի քաղաքական կազմի վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռևս չեն հաղորդվել։ Իրանի ԶԼՄ-ները տարբերվող թվեր են ներկայացնում։ «Մեհր»-ի տվյալներով՝ երկրորդ փուլում, երբ 136 թեկնածուներ պայքարում էին 68 պատգամավորական տեղի համար, բարեփոխիչների և կառավարությանն աջակցողների բլոկն ստացել է 35 տեղ, պահպանողականները կամ իսլամական հեղափոխության կոշտ սկզբունքների կողմնակիցները՝ 20, իսկ անկախ թեկնածուները՝ 13 տեղ։