2027 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կստեղծվի բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան. ի՞նչ է իրականում առաջարկում նախագիծը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու և հարակից մի շարք օրենքների (Պետական տուրքի, Առևտրի և ծառայությունների, Գործունեության իրականացման ծանուցման, Գնումների մասին) նախագծերի փաթեթին։ Սակայն շատերը չգիտեն, թե կոնկրետ ինչ կարգավորում է առաջարկվում։ Փաթեթով նախատեսվում է ստեղծել բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) կոդերի միասնական պետական շտեմարան։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, փաթեթը դեռ նախագծի փուլում է, և նախատեսվում է, որ օրենքներն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։
Ի՞նչ խնդիր է լուծում նախագիծը
Ըստ հիմնավորման՝ Հայաստանում IMEI կոդերի վերահսկողության բացակայությունը նպաստում է չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառությանը, ինչը հանգեցնում է հարկային կորուստների, շուկայի մրցակցության խաթարման և տեխնիկական ու անվտանգության ռիսկերի աճի։ Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ միասնական համակարգի ներդրումը հնարավորություն կտա համադրել մաքսային տվյալները, օպերատորների ակտիվացումներն ու միջազգային ռեգիստրները՝ թույլատրելով միայն օրինական ներմուծված հեռախոսների ակտիվացում։
Ինչպե՞ս է աշխատելու համակարգը
Նախագծով սահմանվում է, որ ֆիզիկական անձը պարտավոր է գրանցել իր կողմից Հայաստան ներմուծած այն բջջային հեռախոսի IMEI-ը, որն արտադրվել է գրանցման մեկնարկի տարվա կամ դրա նախորդ տարվա ընթացքում, և վճարել պետական տուրք։ Կարևոր փոփոխություն է այն, որ շարժական բջջային կապի օպերատորը մերժում կամ կասեցնում է ծառայության մատուցումը, եթե հեռախոսի IMEI-ը գրանցված չէ։ Քաղաքացիների համար նախատեսվում է IMEI կոդն առցանց գրանցելու հնարավորություն՝ բաց ինտերնետային հասանելիությամբ հարթակի միջոցով։
Որքա՞ն կարժենա IMEI կոդի գրանցումը
Տուրքերը նախագծով սահմանված են բազային տուրքի (1000 դրամ) պատիկներով.
- տվյալ տարվա ընթացքում առաջին հեռախոսի համար (ընթացիկ կամ նախորդ տարվա արտադրության)՝ բազային տուրքի եռապատիկի, այսինքն՝ 3000 դրամի չափով,
- նույն տարվա երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ հեռախոսի համար, եթե այն ընթացիկ տարվա արտադրության է՝ բազային տուրքի հարյուրապատիկի, այսինքն՝ 100.000 դրամի չափով,
- երկրորդ և հաջորդ հեռախոսի համար, եթե այն նախորդ տարվա արտադրության է՝ բազային տուրքի քսանապատիկի, այսինքն՝ 20.000 դրամի չափով,
- սահմանը հատելու օրվանից 90 օր անց գրանցվող հեռախոսի համար՝ բազային տուրքի հարյուրապատիկի, այսինքն՝ 100.000 դրամի չափով,
- բջջային հեռախոսների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի կողմից յուրաքանչյուր հեռախոսի գրանցման համար՝ բազային տուրքի եռապատիկի, այսինքն՝ 3000 դրամի չափով։
Միաժամանակ, 2 տարուց ավելի հին հեռախոսների գրանցումը մնում է պարտադիր, սակայն դրա համար օրենքի անցումային դրույթներով տուրք նախատեսված չէ։
Ո՞վ է կառավարելու շտեմարանը
Նախագծով շտեմարանի կառավարման պարտականությունները վերապահվում են իրավասու մարմնին (Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի), իսկ շտեմարանի ձևավորման ու շահագործման համար ստեղծվում է Ադմինիստրատոր՝ օրենքի ընդունման պահին գործող բջջային կապի օպերատորների կողմից համատեղ հիմնադրվող կազմակերպություն։ Շտեմարանի գործարկումը ֆինանսավորվում է պետական բյուջեից, իսկ IMEI կոդերի գրանցման տուրքերը գանձում և պետական բյուջե է փոխանցում Ադմինիստրատորը՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 10-ը։
Ի՞նչ է փոխվում ներմուծողների և վաճառողների համար
Փաթեթով նախատեսվում է, որ բջջային հեռախոսների ներմուծումն ու վաճառքը կարող է իրականացվել բացառապես «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով հաշվառվելու դեպքում, այսինքն՝ լիազոր մարմնին նախապես ծանուցելու միջոցով։ Այս գործունեության համար սահմանվում է նաև տարեկան պետական տուրք՝ բազային տուրքի երկուհարյուրհիսունապատիկի, այսինքն՝ 250.000 դրամի չափով։
Ինչ է լինելու արդեն օգտագործվող հեռախոսների հետ
Անցումային դրույթներով նախատեսվում է, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստան ներմուծված և վերջնական օգտագործողների կողմից օգտագործվող բջջային հեռախոսները շտեմարանում համարվում են գրանցված օրենքն ուժի մեջ մտնելու պահից՝ առանց որևէ պետական տուրքի վճարման։
Ամփոփելով՝ պետք է նշել, որ նախագծի ընդունման դեպքում Հայաստանում 2027 թվականի հունվարի 1-ից կներդրվի բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցման և վերահսկողության միասնական համակարգ, որի դեպքում գրանցված IMEI-ի բացակայության դեպքում օպերատորը կմերժի ծառայության մատուցումը, իսկ արդեն օգտագործվող հեռախոսները կհամարվեն գրանցված առանց, – տեղեկացնում է Iravaban.net–ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։
Հետևեք մեզ՝ այստեղ