Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է խորհրդարանի նախագահի հետ
ՄիջազգայինԼիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն ապրիլի 26-ին հանդիպեց Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպմանն ընդգծելով հայ-լիբանանյան հարաբերությունների ջերմ բարեկամական բնույթը՝ խորհրդարանի նախագահը հաջողություններ մաղթեց ՀՀ դեսպանին իր պաշտոնական առաքելության մեջ: Լիբանանի խոհրդարանի նախագահը խոստացավ ամենայն աջակցություն ցուցաբերել՝ երկու ժողովուրդներին առավել մերձեցնելու, առկա մարտահրավերներին համատեղ դիմակայելու գործում:
Իր հերթին ՀՀ դեսպանը հավաստիացրեց, որ իր պաշտոնավարության ընթացքում ամենայն ջանք կներդրվի շարունակելու և զարգացնելու երկու բարեկամ երկրների հարաբերությունները, առավել ամրապնդելու կապերը բոլոր բնագավառներում:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին, ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճին: Շեշտադրվեց իրավիճակը բացառապես խաղաղ, բանակցային եղանակով կարգավորելու հրամայականը:
Սամվել Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ սահմանադրական բարեփոխումների, կառավարման խորհրդարանական համակարգին անցման ընթացքը: Նաբիհ Բըրին պարզաբանեց Լիբանանի նոր ընտրական օրենքի մշակման և ընդունման անհրաժեշտությունը, ներքաղաքական ներկա իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: