Լոս Անջելեսում 60 հազար հայեր բողոքի ցույց են արել Թուրքիայի հյուպատոսարանի առջև
Ուշադրության կենտրոնումՏասնյակ հազարավոր ցուցարարներ ապրիլի 24-ին խոշոր ցույց են իրականացրել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առջև` ձեռքերում պահելով Հայաստանի դրոշներն ու Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը հիշատակող գրություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես&r aquo;-ը, այս մասին տեղեկացնում է Los Angeles Times պարբերականը:
Լոս Անջելեսի ոստիկանության հաշվարկներով` ցույցին մասնակցել են 60 հազար մարդ, ովքեր արդարություն և փոխհատուցում են պահանջել: Նրանք բղավել են. «Ձեռքերդ հեռու տարեք մեր հողերից», «Արևելյան Թուրքիան Արևմտյան Հայաստանն է»:
Հավաքվածների մեջ է եղել նաև ԱՄՆկոնգրեսական Ադամ Շիֆը, ով, դիմելով ներկաներին, ասել է. «Այսօր մենք բոլորս հայ ենք: Մենք ունենք միայն մեկ խնդիր, և այդ խնդիրն արդարությունն է»:
Շատ հայեր, ովքեր ցույցին մասնակցում էին իրենց երեխաների հետ, օգտագործել են պատմական պահը` երեխաներին պատմությանը ծանոթացնելու համար: «Մենք ցանկանում ենք երտասարդներին ցույց տալ, թե ինչ է ապրիլի 24-ը: Ակնհայտ է, որ մեր ուզածն արդարությունն է: Եթե մենք սա չանենք, այն կմոռացվի»,- նշել է 42-ամյա Աբրահամ Առաքելյանը:
Մի խումբ ընկերների հետ Թուրքիայի հյուպատոսարանի մոտ կանգնած Անաշե Մկրտչյանը ասել է. «Մենք շատ բան չենք ուզում: Ուղղակի ցանկանում ենք, որ նրանք ընդունեն այն, ինչ արել են»: Մկրտչյանն ընդգծել է, որ ամենևին էլ անակնկալի չի եկել Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրույթը չկիրառելու փաստից, սակայն խորապես հիասթափված է այդ կապակցությամբ: «Նա հետ կանգնեց իր խոսքից»,- նշել է Անաշե Մկրտչյանը :




