Էկվադորում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 655-ի
ՄիջազգայինԷկվադորում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 655-ի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տվյալները ապրիլի 24-ի երեկոյան իր կայքում հրապարակել է Universo տեղական թերթը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ տարերքի հարվածից հետո ավելի քան 17 հազար մարդ է դիմել բուժօգնություն ստանալու համար: Փրկարարներին հաջողվել է փլատակներից դուրս բերել 113 փրկվածների, 48 մարդ անհետ կորած է համարվում:
Ավելի վաղ Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան ութօրյա համազգային սուգ է հայտարարել տարերքի զոհերի հիշատակին:
1979 թվականից ի վեր Էկվադորում տեղի ունեցած ամենաուժգին երկրաշարժը՝ 7,8 մագնիտուդով, տեղի է ունեցել ապրիլի 16-ին երկրի Մանաբի հյուսիսարեւմտյան նահանգի Պեդեռնալես քաղաքի շրջանում: Երկրին պատճառված նյութական վնասը գնահատվում է մի քանի միլիարդ դոլար:
Սպասվում է, որ ավելի ստույգ գնահատումները հայտնի կդառնան առաջիկա մեկուկես ամսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP