Գավառ քաղաքում իրականացվում են ծառերի էտման, կրապատման եւ կանաչապատման աշխատանքներ
ՀասարակությունԱպրիլի երկրորդ կեսից Գավառ քաղաքում կատարվում են ծառերի սանիտարական հատման աշխատանքներ, որոնք իրականացվում են Գավառի «Կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, վերջին օրերի ընթացքում սանիտարական հատման աշխատանքներ են իրականացվել քաղաքի բոլոր կենտրոնական փողոցներոում: Ծառերի կտրված ճյուղերը քաղաքապետարանի կողմից որպես վառելանյութ տրամադրվում են սոցիալապես անապահով ընտանիքներին: Ծառերի սանիտարական հատման աշխատանքները կշարունակվեն մինչեւ ամսվա վերջ, ինչին զուգահեռ կիրականացվեն նաեւ ծառերի կրապատման, սիզամարգերի եւ կանաչապատ տարածքների խնամքի, ինչպես նաեւ ծառատնկման աշխատանքներ:Աշխատանքներն իրականացվում են տեղական բյուջեի միջոցների հաշվին: Ապրիլի 23-ին Գավառի քաղաքապետարանի կողմից հայտարարվել է համաքաղաքային շաբաթօրյակ:
«Շաբաթօրյակին մասնակցելու են քաղաքապետարանի աշխատակազմը, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպությունները, հանրակրթական դպրոցները, պետական ու մասնավոր այլ կազմակերպություններ, որոնց ուժերով քաղաքն ամբողջությամբ պետք է մաքրենք կենցաղային աղբի թափոններից: Կուտակված աղբը կտեղափոխվի գլխավոր աղբավայր, իսկ քաղաքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 101-րդ տարելիցը կդիմավորի մաքուր ու բարետես վիճակում»,-հավաստեց Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը:
Խոսրով Խլղաթյան