2025–ին բանակում մահացել է 35 զինծառայող. 2024–ի համեմատ նվազել է 9 տոկոսով. ՀՔԱՎ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ) վերահրապարակել է «2025 թվականին ՀՀ զինված ուժերում մահացության դեպքերի մասին» զեկույցի թարմացված տարբերակը։
Վերահրապարակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2026 թ․ ապրիլի 13-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից Կազմակերպությանը տրամադրվել են նոր տեղեկություններ։ Քանի որ նախկինում տրամադրված տվյալները եղել են ոչ լիարժեք, դրանք տարբերվում էին զեկույցի նախնական տարբերակում հրապարակված տվյալներից։
Սույն Զեկույցում ներկայացված է 2025 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱԱԾ սահմանապահ զորքերում զինծառայողների մահացության դեպքերի վիճակագրությունը, դրանց պատճառների վերլուծությունը և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակը։
2025 թ․ մահացության վիճակագրությունն ու պատճառները
ՀՔԱՎ-ի ուսումնասիրությունների համաձայն՝ 2025 թ․ ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 35 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 2-ը տեղի են ունեցել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում։
Զինծառայողների մահացության պատճառներն են՝
- առողջական խնդիրներ՝ 12 դեպք,
- ավտովթար՝ 8 դեպք,
- ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել՝ 6 դեպք (2-ը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում),
- դժբախտ պատահար՝ 5 դեպք,
- սպանություն՝ 2 դեպք,
- առողջությանը ծանր վնաս պատճառել (բռնություն)՝ 1 դեպք,
- թմրանյութի օգտագործում՝ 1 դեպք։
Համեմատության համար նշենք, որ 2024 թվականին ՀՀ զինված ուժերում գրանցվել է 40 զինծառայողի մահվան դեպք հետևյալ պատճառներով՝
- ավտովթար՝ 13 դեպք,
- ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել՝ 9 դեպք,
- առողջական խնդիրներ՝ 5 դեպք,
- հրադադարի ռեժիմի խախտում՝ 4 դեպք,
- սպանություն՝ 3 դեպք,
- դժբախտ պատահար՝ 3 դեպք,
- ավիավթար՝ 2 դեպք,
- հրդեհ՝ 1 դեպք։
Համեմատելով 2024 և 2025 թվականներին զինծառայողների մահացության դեպքերը և դրանց պատճառները, արձանագրում ենք, որ դրանք նվազել են 9 %-ով։
ՀՔԱՎ-ը 2010 թվականից ի վեր, պաշտպանության և անվտանգության ոլորտի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության շրջանակներում, իրականացնում է զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի մշտադիտարկում։ Կազմակերպությունն ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության (իսկ մինչև 2023 թվականը նաև՝ Արցախի Հանրապետության) զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերն ու դրանց պատճառները։
Այս ուսումնասիրությունների միջոցով Կազմակերպությունը գնահատում է զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված պետության ստանձնած պարտավորությունների կատարման վիճակը։ Մինչ այժմ ՀՔԱՎ-ը հրապարակել է ավելի քան չորս տասնյակ տարեկան, կիսամյակային և եռամսյակային տեղեկանքներ ու զեկույցներ։
Զեկույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ ստորև․
Հետևեք մեզ՝ այստեղ