Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման Վարդանյան
Այսօր, երբ տարածաշրջանը կանգնած է լուրջ մարտահրավերների, արտաքին ճնշումների և ուժերի հավասարակշռությունը վերաձևելու փորձերի առաջ, Իրանի դերը՝ որպես կայունության առանցքային գործոններից մեկը, ստանում է առավել կարևոր նշանակություն։
Ուրախությամբ ուզում եմ նշել նաև, որ իմ լավ բարեկամը՝ Հայաստանում Իրանի նախկին դեսպան Մեհդի Սոբհանին, նշանակվել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։ Սա նրա բարձր պրոֆեսիոնալիզմի և հայ–իրանական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման արժանի գնահատականն է։ Վստահ եմ՝ նա նոր պաշտոնում ևս կշարունակի ամրապնդել փոխադարձ հարգանքի և ռազմավարական գործընկերության վրա հիմնված օրակարգը։
Հայ–իրանական հարաբերությունները ավելին են, քան պարզապես դիվանագիտական կապերը։ Սա հարաբերություն է, որը խարսխված է դարավոր պատմական կապերի և ժողովուրդների արժեքային ընդհանրության վրա։
Մեզ միավորում է ոչ միայն աշխարհագրությունը, այլև հիմնարար շահերի համընկնումը՝ անվտանգության, ինքնիշխանության և տարածաշրջանային հավասարակշռության պահպանման հարցերում։ Այս հարաբերությունները անցել են ժամանակի և փորձությունների միջով և ապացուցել իրենց կենսունակությունը։ Եվ հենց այդ պատճառով էլ դրանք ուղղված են դեպի ապագա։
Իրանում հայկական համայնքը շարունակում է կարևոր կամուրջ լինել մեր ժողովուրդների միջև՝ լինելով Իրանի հասարակական կյանքի լիարժեք և ինտեգրված մաս, միաժամանակ պահպանելով իր ազգային ինքնությունը։
Չնայած առկա ճնշումներին՝ ակնհայտ է, որ Իրանը թևակոխել է մի փուլ, որը հեռանկարում միայն ուժեղացնելու է նրա ազդեցությունն ու դերը տարածաշրջանում։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ քաղաքակրթական ամուր հիմք և ներքին դիմակայունություն ունեցող պետությունները ոչ միայն հաղթահարում են ճգնաժամերը, այլև դրանցից դուրս են գալիս առավել ուժեղացած։
Հետևաբար, Հայաստանը պետք է ոչ միայն պահպանի հայ–իրանական համագործակցության ներկայիս մակարդակը, այլև այն հետևողականորեն խորացնի, վերաիմաստավորի և բարձրացնի երկարաժամկետ ռազմավարական գործընկերության աստիճանի։
Վերջապես, միայն ուժեղ և ինքնիշխան պետությունների գոյության պայմաններում է հնարավոր ձևավորել կայուն և անվտանգ տարածաշրջան։ Եվ Հայաստանը և Իրանը հենց այդպիսի պետություններ են։
Հայ–իրանական գործընկերությունը պետք է դառնա կայուն ռազմավարական դաշինքի օրինակ, որտեղ համընկնում են պետությունների շահերը և ժողովուրդների արժեքները»,- գրում է նա։