ՄԻՊ-ից արձագանք չի եղել. 18-ամյա կալանավոր Դավիթ Մինասյանի ընկերները նամակ են հանձնում գլխավոր դատախազին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
18-ամյա կալանավոր Դավիթ Մինասյանի ընկերները հավաքվել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ՝ նամակ հանձնելու ՀՀ գլխավոր դատախազին։Նրանց ձեռքին փոքր պաստառներ էին՝ «Ազատություն Դավիթին» վերտառությամբ։
«Մենք՝ ուսուցիչներս, ծնողներս, դասընկերներս և պարզապես քաղաքացիներս, դիմում ենք Ձեզ մեծ ցավով ու անհանգստությամբ։ Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, և այս պահին նա գտնվում է հիվանդանոցում։ Նրա կյանքն ու առողջությունը իրական վտանգի մեջ են և բժիշկների մշտական հսկողության կարիք ունեն։ Այս իրավիճակում նրա նկատմամբ կիրառված կալանքը, մարդկային տեսանկյունից, դառնում է ծայրահեղ ծանր միջոց։
Մենք հավատում ենք, որ այսպիսի հանգամանքներում առաջնային պետք է լինի մարդու կյանքի և առողջության պաշտպանությունը։ Դավիթ Մինասյանը բարեխիղճ, կիրթ, պատասխանատու աշակերտ է, որը մշտապես աչքի է ընկել իր դրական վարքով, կրթության նկատմամբ լրջությամբ և շրջապատի հանդեպ հարգանքով։ Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը մեծ անհանգստություն է առաջացրել ինչպես դպրոցական համայնքում, այնպես էլ հասարակության լայն շրջանակներում։
Վստահ ենք, որ Ձեր կողմից կընդունվի արդար ու մարդասիրական որոշում, քանի որ արդարադատությունը պետք է առաջնորդվի ոչ միայն օրենքի տառով, այլև խղճի մտոք»,— գլխավոր դատախազին ուղղված նամակում գրել են Դավիթի աջակիցները։
Դավիթի ընկերները հույս ունեն, որ Աննա Վարդապետյանը նամակի բովանդակությունը հաշվի կառնի, քանզի ՄԻՊ-ին հասցագրված նամակը մնացել է անհետեւանք։«Եթե արձագանք լիներ, այստեղ չէինք հավաքվի։ Հույս ունենք, որ արձագանք կստանանք։ Այս նամակի բովանդակությունը շատ չի տարբերվում այն նամակից, որը հանձնել ենք ՄԻՊ-ին, սակայն մինչ այժմ որևէ տեղից արձագանք չենք ստացել։ Այս ընթացքում Դավիթին չենք կարողացել տեսակցել. տեսակցություններն անգամ նրա ծնողների համար են արգելվում, հեռախոսային կապը նույնպես։ Միայն փաստաբաններն ունեն տեսակցության հնարավորություն»,— ասել է Դավիթի ընկերներից մեկը։
Հետևեք մեզ՝ այստեղ