Հնդկաստանի հարավ-արևմուտքում գտնվող տաճարում հրդեհի հետևանքով 102 մարդ զոհվել, 350-ը վրավորվել են
HeaderՀնդկաստանի Կերալա նահանգի Կոլամ քաղաքի տաճարներից մեկում բռնկված հրդեհի զոհերի թիվը կազմել է 102, տուժածներինը՝ 350 մարդ։ Տվյալները ներկայացրել է նահանգի ոստիկանությունը։
Հրդեհի բռնկման ժամանակ (երևանի ժամանակով ապրիլի 10-ի ժամը 01։30-ին) Պուտինգալ տաճարում մոտ 15 հազար մարդ է գտնվել։ Տաճարը հիմնովին այրվել է։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շտապ ժամանել է Կերալա, որպեսզի անձամբ հանդիպի տուժածներին և ցավակցություն հայտնի զոհվածների ընտանիքներին։ Նահանգի իշխանությունները հրահանգել են զոհվածների ընտանիքներին տրամադրել 200 հազար ռուփի (3 հազար դոլար), տուժածներին՝ 50 հազար ռուփի։ Միջադեպի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։
«Կառավարությունը նախապես տոների ժամանակ շինությունների մոտ հրավառություններ արձակելու արգելք էր սահմանել, սալայն Պւոտինգալում այն խախտվել էր», - հայտարարել է Կերալա նահանգի գլխավոր նախարար Օումեն Չանդին։
Ըստ ավանդույթի, տեղի համայնքները մրցել են, թե ով ավելի շատ գույնզգույն կրակներ կարձակի գիշերային երկինք։ Ականատեսների խոսքով՝ տաճարի մոտի հրապարակը լեփ-լեցուն էր հրավառության տեխնիկայով, որը ևս բռնկվել է։ Ոստիկանության գնահատմամբ՝ զոհերի թիվը կարող էր ավելի մեծ լինել, եթե տաճարը գտնվեր ոչ թե բաց տարածքում, այլ քաղաքի թաղամասերում։