Գևորգ Ղազարյանը գոլի հեղինակ դարձավ
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ և պորտուգալական «Մարիտիմու» ակումբի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը մասնակցել է իր թիմի կազմում «Սպորտինգ»-ի դեմ հանդիպմանը:«Արմենպրես»-ը հայտնում է, որ «Մարիտիմու»-ն Պորտուգալիայի առաջնության 29-րդ տուրում հյուրընկալվել էր հեղինակավոր «Սպորտինգ»-ին:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հայտավորված էր խաղին, սակայն այն չէր սկսել թիմի մեկնարկային կազմում: Ղազարյանը խաղադաշտում հայտնվեց միայն 60-րդ րոպեին, երբ իր թիմն արդեն զիջում էր մրցակցին 0-2 հաշվով: Ու չնայած խաղի 76-րդ րոպեին «Սպրոտինգ»-ը նաև 3-րդ գնդակ հեղինակեց, այնուամենայնիվ Ղազարյանի խաղադաշտ դուրս գալը արդյունավետ ավարտ ունեցավ «Մարիտիմու»-ի համար. խաղի 81-րդ րոպեին օրերս ծննդյան 28-րդ ամյակը տոնած հայ ֆուտբոլիստը դարձավ գոլի հեղինակ՝ ընթացիկ մրցաշրջանում իր հաշվին 3-րդ գոլը գրանցելով:
Պորտուգալիայի ընթացիկ առաջնության կայացած 29 տուրերից հետո «Մարիտիմու»-ն վաստակել է 32 միավոր և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը՝ եվրագավաթային գոտուց՝ 5-րդ տեղից հետ մնալով 13 միավորով: