Տուժածների բուժսպասարկման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն
ՀասարակությունՀՀ առողջապահության համակարգի բոլոր ստորաբաժանումներն աշխատում են ուժեղացված ռեժիմով: Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը, անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով և սարքավորումներով ապահովումը, ինչպես նաև մասնագիտական ներուժի համակարգված տեղափոխումը կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարություն ում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն: Աշխատանքները բոլոր ուղղություններով իրականացվում են միջգերատեսչական համագործակցության շնորհիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Մարտական գործողությունների առաջին իսկ օրվանից բազմաթիվ գործարարներ, դեղարտադրող ընկերություններ ակտիվ մասնակցում են դեղերի արդեն իսկ ունեցած բավարար պաշարների համալրման գործին: Միաժամանակ, Սփյուռքի, մասնավորապես ԱՄՆ-ի բժշկական հասարակայությունը ՀՀ առողջապահության նախարարին հայտնել է իր պատրաստակամությունը նյութական և բուժական օգնություն ցուցաբերելու հարցում:
Նշենք, որ ՀՀ ԱՆ Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում շարունակվում է արյունատվության գործընթացը: Շատ քաղաքացիներ, մասնագիտական միավորումներ, հասարակական կազմակերպություններ վիրավոր զինվորներին աջակցելու ցանկությունն արտահայտում են կամավոր դոնորությամբ՝ չնայած արյան բաղադրամասերի առկա բավարար պաշարներին:
Ողջունելի է նաև մեր շատ բուժաշխատողների՝ ցանկացած պահի Արցախ մեկնելու և մեր զինվորների կողքին լինելու պատրաստակամությունը: Բժշկական հանրությունն այս կերպ իր զորակցությունն է հայտնում հայ զինվորին: