Կոթիում վիրավորված զինծառայողի մոտ լուրջ վնասվածք չկա
ՀասարակությունԱնցած գիշեր և այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների և բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82մմ ականանետեր: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Փոխհրաձգության ընթացքում բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Զորի Գորիսի Աշրաֆյանը (ծնվ. 1983թ.):
Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին գյուղում հանգիստ է, կրակոցներ չկան։ «Սահմանագիծը լարված է, բայց կոնկրետ գյուղի ուղղությամբ չի եղել, դիրքային կրակոցներ են եղել»,- ասաց գյուղապետը։
Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը ևս ասաց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է։ Վիրավոր զինծառայող Զորի Աշրաֆյանի առողջական վիճակի մասին էլ գյուղապետը նշեց՝ լուրջ վնասվածք չի եղել. «Կարծեմ՝ հիվանդանոց պառկելու անհրաժեշտություն էլ չի եղել։ Վերքը մշակել են, մակերեսային վնասվածք է եղել»:
ՀՀ զինված ուժերը դրսևորելով զսպվածություն շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը: