Փաշինյանի կեղծ խաղաղությունը և հակառուսական դրսևորումները
ՎերլուծությունԽորհրդարանում երեկ կառավարության հետ հարցուպատասխանը վերածվել է Նիկոլ Փաշինյանի և ընդդիմության միջև լեզվակռվի։ Հընթացս էլ Փաշինյանը կրկին վտանգավոր հայտարարություններ է արել՝ սլաքներն ուղղելով Ռուսաստանի դեմ։ Մասնավորապես, նշել է, թե Հայաստանն այսօր ունի խաղաղություն, և եթե ինքն իր խաղաղության երաշխավորը չլինի, ոչ ոք չի լինի։ «Մենք հրաժարվեցինք մեր անվտանգության երաշխավորից և դարձանք պետություն, այդ անվտանգության երաշխավորի երաշխավորության ողջ շրջանում մենք չենք եղել պետություն, մեր վրա խաբար էլ չի եղել, որ մենք պետություն չենք»,- ասել է Փաշինյանը։
Այս կերպ նա առանց անուններ տալու մեղադրում է Ռուսաստանին, նաև «բոչկա» գլորում Հայաստանի նախկին իշխանությունների դեպ ուղղությամբ, որոնք էլ հենց Ռուսաստանի հետ համապատասխան պայմանագրեր էին կնքել։ Ընդհանրապես խաղաղությունը Փաշինյանի համար դարձել է նախընտրական գլխավոր կարգախոսը, և այն շահագործելով՝ վերջինս ցանկանում է կրկին վերընտրվել։ Վերջին օրերին սոցիալական ցանցերում, ինչպես նաև փողոցներում մեծ բիլբորդների վրա կարելի է տեսնել կապույտ ֆոնի վրա «Խաղաղություն» գրառումը, որն ուղեկցվում է Փաշինյանի հայտնի սրտիկի պատկերով։
Դեռ ավելի վաղ նշել ենք, որ Փաշինյանի հիմնական կարգախոսը լինելու է հենց խաղաղությունը, իսկ մյուս բոլոր կուսակցություններին մեղադրելու են պատերազմ հրահրելու մեջ։ Փաշինյանն օգտագործում է հասարակության վախերն ու խաղաղ ապրելու ցանկությունը՝ ընտրություններում ձայներ հավաքելու համար։ Առայժմ ընդդիմությանը չի հաջողվում հանրությանը բացատրել, որ փաշինյանական կուսակցությունն ամենևին էլ խաղաղություն բերող չէ, այլ, ընդհակառակը, հենց ինքն է պատերազմի հրձիգը, իսկ ներկայումս Ադրբեջանի խաղաղասիրական դրսևորումներն ու հռետորաբանության մեղմացումն ընդամենը մեկ նպատակ են հետապնդում՝ հունիսին ապահովել իրենց դրածոյի վերընտրությունը, որից հետո Ադրբեջանը նոր նախապայմաններ կքաշի։
Սոնա Գալստյան