ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում դադարեցնել կրակը Ղարաբաղում
ՄիջազգայինԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում։ Նման հայտարարությամբ հանդես են եկել Վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան (Ֆինլանդիա) եւ Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա)։
«Պատերազմը պետք է դադարեցվի: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չափից ավելի կյանքեր է խլել չափազանց երկար ժամանակահատվածում: Մենք հորդորում ենք բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և առավելագույն ջանքեր գործադրել հետագա լարվածությունից խուսափելու համար»,-հայտարարել են նրանք։
Կաներվան եւ Վիգենինը հաստատել են իրենց ամբողջական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ խաղաղ լուծում գտնելու նրանց ջանքերին։
Նշենք, որ Ադրբեջանի նախաձեռնած արդեն երկրորդ օրը շարունակվող Լեռնային Ղարաբաղի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետեւանքով զոհեր կան երկու կողմերից։ Վերջին տվյալներով, ադրբեջանական կողմը կորցրել է ավելի քան 200 մարդ։ Ոչնչացվել է հակառակորդի երկու ուղղաթիռ, 3 տանկ, 2 անօդաչու թռչող սարք։
Ղարաբաղյան կողմից զոհվել է 18, վիրավորվել 35 մարդ։ Զոհեր կան նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում։ «Գրադ» կայաքից արձակած կրակոցից 12-ամյա երեխա է մահացել, եւս երկու երեխա վիրավորվել են։