Թուրքիան խանդավառվել է Փաշինյանի հայտարարություններից
ՎերլուծությունՎարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարեց, թե մտադիր է Հայաստանի էներգետիկ համակարգը ներգրավել Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի հետ։ Եվ բնական է, որ Թուրքիային և Ադրբեջանին նման զարգացումը չափազանց ձեռնտու է, հատկապես հաշվի առնելով ռեսուրսների անհամամասնությունը, որը, բնականաբար, Հայաստանի օգտին չէ։ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, թե հույս ունի, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական ազդեցություն կունենա նաև տնտեսական հարաբերությունների վրա, և այս տեսանկյունից Թուրքիան աջակցում է կարգավորման գործընթացին։ Բայրաքթարն ընդգծել է, որ Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս։
«Ըստ էության, կարգավորումը ենթադրում է նաև տնտեսական հարաբերությունների բարելավում։ Մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում և օգտագործել առկա հնարավորությունները այս ուղղությամբ։ Հուսով եմ, այս գործընթացը կշարունակվի բոլոր կողմերի օգտին»,- ընդգծել է թուրք նախարարը՝ չբացառելով Հայաստանի ներգրավումը նաև գազային միջանցքին՝ Ադրբեջանից դեպի Թուրքիա։
Այս կերպ Թուրքիան նաև նկրտումներ է ցուցաբերում Հայաստանի գազային համակարգի նկատմամբ։ Ներկայումս այդ համակարգը սպասարկում է ռուսական «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Գազպրոմ Արմենիան», բայց Հայաստանի իշխանությունները, արշավ սկսելով ռուսական կապիտալով ընկերությունների դեմ, բոլորովին դեմ չեն լինի Հայաստանից դուրս մղել նաև «Գազպրոմ»-ին՝ փոխարենը համակարգի կառավարումը հանձնելով որևէ օֆշորային ընկերության։ Բնականաբար, թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող ընկերությունների ներգրավումը լուրջ բողոքի ալիք կբարձրացնի, ուստի շատ դեպքերում օգտագործելու են հենց օֆշորային ծագման ընկերությունները՝ կասկածները հեռու վանելու համար։
Մոնիկա Կիրակոսյան