Ձայնը շատ բարձր էր․ երեխաներ էին խաղում, վախեցան, փախան, նրանցից մեկն էլ ընկավ. Աջափնյակի բնակչուհին՝ կրակոցների մասին
ՀասարակությունԱջափնյակում զինված միջադեպի ժամանակ դրսում երեխաներ են եղել։ Այդ մասին պատմել է տեղի բնակիչներից մեկը։
«Դիմացի շենքում եմ ապրում։ Ձայնը շատ բարձր էր․ երեխաներ էին խաղում, վախեցան, փախան, նրանցից մեկն էլ ընկավ», - Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների մասին լրատվամիջոցներին պատմել է բնակչուհին։
Նա տեղեկացրել է, որ տարածքի երեխաները դաշտում էին խաղում։ «Ոստիկանությունը տեղում չէ։ Ի՞նչ ասեմ․ եթե նման բաներ են լինում, իրենք լավ գիտեն, թե ովքեր են», - նշել է նա։
Բնակչուհին պատմել է, որ լսել է ձայները, պատուհանից նայել և տեսել, որ բավական մեծ թվով երիտասարդներ անցել են իրենց շենքի դիմացով։ Նա չի կարող ասել՝ ճանաչե՞լ է նրանց, թե ոչ, քանի որ վերևից է դիտել և չի կարողացել այդքան ուշադիր նայել։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր՝ ժամը 16-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Աջափնյակում, որի հետևանքով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 7 անձ։ Նրանցից մեկը մահացել է, 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։