Լույսը, մելատոնինն ու տաք ջուրը. մթության մեջ լողանալը կարող է օգնել ավելի արագ քնելուն
LifeՎերջին ամիսներին սոցցանցերում հանրաճանաչ է դառնում քնի համար նախատեսված անսովոր մի «հնարք»՝ քնելուց առաջ լոգանք ընդունել մթության մեջ կամ շատ մեղմ լույսի ներքո։
Ըստ հրապարակումների, այս սովորույթն օգնում է ավելի արագ քնել և խորը քուն մտնել։ Դա ունի որոշակի կենսաբանական բացատրություններ, թեև «մութ լոգանքի» վերաբերյալ ուղղակի խոշոր հետազոտություններ դեռևս չկան, գրում է The Conversation-ը։
Առանցքային գործոններն այստեղ լույսն ու ջերմությունն են։ Մեր ներքին կենսաբանական ռիթմը կամ ցիրկադային ցիկլը կարգավորվում է ոչ միայն ժամանակով, այլև լույսով։ Երեկոյան պայծառ լույսն ուղեղին հաղորդում է «դեռ ցերեկ է» ազդանշանը, դանդաղեցնում քնի հորմոնի՝ մելատոնինի արտադրությունը և կարող է մեզ ավելի երկար արթուն պահել։ Լաբորատոր պայմաններում քնելուց առաջ պայծառ լուսավորությունն իսկապես նվազեցրել է մելատոնինի մակարդակը և ավելացրել սուբյեկտիվ առույգությունը։
Սովորաբար լոգարանները շատ պայծառ են լուսավորված. հայելիների լուսավորությունն ու առաստաղի լամպերը նախատեսված են ցերեկային հստակ գործողությունների համար, սակայն երեկոյան դրանք հաղորդում են «դեռ քնելու ժամանակը չէ» ազդանշանը։ Եթե անջատեք լույսը կամ թողնեք միայն թույլ լույսի աղբյուր, այդ ազդանշանը թուլանում է։ Կապույտ սպեկտրի մեծ քանակությամբ լույսի աղբյուրները հատկապես ուժեղ են ճնշում մելատոնինը, ինչը կարող է մի քանի րոպեով ուշացնել քունը։
Մեկ այլ հնարավոր օգուտ է տաք ջուրը։ Տաք լոգանքի ժամանակ մարմինը թեթևակի տաքանում է, իսկ հետո, երբ սկսում է հովանալ, դա նպաստում է թուլացմանն ու օգնում նախապատրաստվել քնին։ Մի քանի հետազոտությունների վերլուծությունը ցույց է տվել, որ քնելուց մեկուկես ժամ առաջ ընդունած տաք լոգանքը կամ ցնցուղը կարող է կրճատել քնելու ժամանակը և երկարացնել գիշերային քունը։
Ոչ պակաս կարևոր են նաև այլ գործոններ՝ լռությունը, ջրի մեղմ ձայնը, պայծառ տեսողական գրգռիչների բացակայությունը։ Այս ամենը նպաստում է նյարդային համակարգի ակտիվության նվազմանը և քնի ավելի հանգիստ անցմանը։
Կարևոր է հիշել. «մութ լոգանքի»՝ որպես առանձին տեխնիկայի արդյունավետության ուղղակի ապացույցները շատ քիչ են. եզրակացություններն արվել են լույսի, ջերմության և բիոռիթմերի վերաբերյալ հարակից հետազոտությունների հիման վրա։