Ֆրանսիայում բազմազավակ կինը դարձել է երկու նորածին երեխաների մահվան հետ կապված հարուցված քրեական գործում գլխավոր կասկածյալ։ Այս մասին հայտնում է Le Figaro պարբերականը։ Համաձայն հրապարակման, ողբերգական զարգացումներ են տեղի ունեցել երկրի արեւելյան մասում գտնվող Այվիլեր-է-Լիոմոն համայնքում։ Իրավապահների ուշադրությունը գրավել է այն, որ ինը երեխաների մայր հանդիսացող կինը անակնկալ կերպով հեռացել է իր տանից։
Երեխաները երկու տարբեր ամուսնություններից են եղել։ Նա որեւէ մեկին չի զգուշացրել, որ հեռանում է տանից։ Տան զննության ժամանակ՝ իրավապահները շոկային բացահայտում են կատարել։ Տան սառնարանի սառնախցիկում ոստիկանները հայտնաբերել են երկու նորածին երեխաների դիակներ։ Կնոջ գտնվելու վայրը շուտով պարզվել է, ինչից հետո նա ձերբակալվել է։ Նրան պաշտոնապես ներկայացվել է երկու մանկասպանության մեղադրանք։