Գերմանիայի ԱԳՆ-ն Թուրքիային կոչ է արել հարգել խոսքի ազատությունը
ՄիջազգայինԳերմանիան Թուրքիայի կողմից խոսքի ազատությունը հարգելու հույս է տածում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարել է այցով Ուզբեկստանում գտնվող Գերմանիայիարտգործնախարար, ԵԱՀԿ նախագահՖրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Այդ կերպ է նա մեկնաբանել Անկարայում ԳԴՀ-ի դեսպանի կանչը Թուրքիայի ԱԳՆ` գերմանական հանրային հեռուստաալիքով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծաղրող տեսահոլովակի ցուցադրության պատճառով:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը մարտի 22-ին կանչել էր ԳԴՀ-ի դեսպանին գերմանական ADR եւ NDR հեռուստաալիքներով Էրդողանին ծաղրող տեսահոլովակ ցուցադրվելու համար:
«Ես գտնում եմ, որ կարող ենք սպասել մեր գործընկեր երկրից, որը սերտ համագործակցության է ձգտում Եվրամիության հետ, որպեսզի այնտեղ հարգեն եվրոպական արժեքները: Դա վերաբերում է եւ խոսքի ազատությանը, եւ արտահայտվելու ազատությանը»,- հայտարարել է Շտայնմայերը՝ պատասխանելով տեսահոլովակի հետ կապված Անկարայի արձագանքը մեկնաբանելու մասին հարցին:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ տվյալ դիրքորոշումը թուրքական կողմին հասցվել է դիվանագիտական ուղիներով:
Der Spiegel հանդեսն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը մարտի 17-ին գերմանական ARD հեռուստաալիքով Էրդողանի քաղաքականությանը նվիրված extra 3 երգիծական հաղորդման պատճառով կանչվել է Թուրքիայի ԱԳՆ:
Երկու րոպե տեւողությամբ տեսահոլովակի հեղինակները, մասնավորապես, ծաղրի են ենթարկել Էրդողանի «լայն ու փարթամ ապրելու» ցանկությունը, ինչպես նաեւ երկրում մամուլի ազատության եւ ժողովրդավարության սկզբունքների սահմանափակումները:
«Լրագրողը, որը գրում է այն մասին, ինչ դուր չի գալիս Էրդողանին, հաջորդ օրը հայտնվում է ճաղերի հետեւում»,- ի թիվս այլ բաների ասվում է տեսահոլովակում:
Թուրքիայի կառավարությունը ARD-ից եւ NDR-ից խնդրել է ջնջել Էրդողանին ծաղրի ենթարկող տեսահոլովակը: