Էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերման հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել, որոնք լուծելու համար կառավարությունը նոր փոփոխություններ է նախատեսել։ Այս մասին այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ տեղեկացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«Մենք որքան էլ փաստացի ժամանակ ենք տալիս մեր քաղաքացիներին, որ ձեռք բերեն ID քարտ և էլեկտրոնային ստորագրություն, իրենք դա թողնում են վերջին օրվան։ Արդյունքում, մենք հիմա հերթեր ունենք քարտերի ստացման հետ կապված, որոնք նույնիսկ ձգվում են ամիսներ»,- ընդգծեց նախարարը։
Հիշեցնենք, որ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա սկզբից։ Ավելի վաղ Iravaban.net-ը տեղեկացրել էր, որ 2026 թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը պետք է բացառապես կնքվեն էլեկտրոնային տարբերակով։ Այդ նպատակով ՀՀ քաղաքացիները պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն։
Նախարարը նշեց նաև, որ շուտով ID քարտերի նոր համակարգ են ներդնելու, և որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն երկու անգամ ID քարտ ստանալ, այսօրվա տարբերակը և հետո էլ՝ առաջարկվող նոր տարբերակը, նախարարությունը քարտերի հարցն այս պահին կառավարությունում օպերատիվ պայմաններում քննարկման է դրել։
«Սա անում ենք, որպեսզի իրավիճակը կայունացնենք ու սահուն անցում կատարենք, որ մարդիկ չզրկվեն աշխատելու իրավունքից միայն այն պատճառով, որ չունեն էլեկտրոնային ստորագրություն»,- նշեց Թորոսյանը։