«Իսլամական պետությունը» նոր նախարարություն է հիմնել
Ուշադրության կենտրոնումԱրմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել է հնությունների հարցերով նախարարություն հիմնելու մասին: Մինչդեռ միանգամայն իրարամերժ տարբերություն կա ԻՊ-ի և այլ պետությունների՝ այսօրինակ հաստատությունների միջև: Կառույցի նորաստեղծ նախարարությունը կոորդինացնելու է հնագիտական արժեքների վաճառքն՝ առգրավված ԻՊ-ի վերահսկողության ներքո գտնվող տարածքներից:
Հնությունների վաճառքից ԻՊ-ի ստացած եկամուտները հասնում են տասնյակ միլիոն դոլարների, և կազմակերպության ընդհանուր ֆինանսական կարողությունների սանդղակում դրանց տեսակարար կշիռը համեմատական է օտարերկրացի պատանդների դիմաց ստացվող փրկագների հետ:
Մինչ այս, ԻՊ-ը թույլատրում էր սեփական դաշտային հրամանատարներին ինքնուրույն կերպով տնօրինելու հնագիտական նշանակություն ունեցող արժեքները՝ պայմանով, որ դրանց վաճառքից ստացված 20%-ը վճարվելու է «խալիֆայության» գանձարան: Փաստորեն, ներկայում կառույցի ղեկավարությունը որոշում է կայացրել առավել խստացնել ոլորտին առնչվող խնդիրները, ինչը կարող է պայմանավորված լինել վերջին շրջանում ԻՊ-ի ֆինանսական հոսքերի էականորեն նվազեցումից (հատկապես ածխաջրածինների վաճառքից ստացվող եկամուտները, որոնց կրճատումը հանդիսանում է կառույցի դեմ պայքարող միջազգային ռազմական կոալիցիայի առանցքային նպատակներից մեկը), ինչպես նաև այն հանգամանքից, որ կազմակերպությունը վերահսկողություն է հաստատում պատմական և հնագիտական նշանակություն ունեցող նորանոր բնակավայրերի վրա (օրինակ՝ մայիսի երկրորդ կեսին սիրիական Պալմիրա քաղաքի նվաճումը):
Իսկ նմանատիպ նվաճումներից առարկայական տեսանկյունց ԻՊ-ը կրկնակի օգուտ է ստանում: Նախ իսլամականները կողոպտում և հիմնականում Թուրքիայի տարածքով վաճառքի սև շուկա են հանում բոլոր այն արժեքավոր իրերը, որոնք հնարավոր է տեղաշարժել, իսկ հնությունների մյուս՝ առավել մեծամասշտաբ և անշարժ հատվածն էլ ցուցադրաբար ոչնչացնում են՝ դրանց տեսագրությունն օգտագործելով քարոզչական նպատակներով: