Թուրքական աջակցություն Փաշինյանի վերընտրությանը
ՎերլուծությունԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այլևս անթաքույց ցուցադրում է պաշտոնական Անկարայի աջակցությունը Նիկոլ Փաշինյանին։ «Փառք Աստծո, տեսնում ենք, որ «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչվելը նաև Ադրբեջանի ուզածով է լինում, քանի որ, ինչպես ասել ենք, այն կարևոր է «Միջին միջանցքի» համար», – ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
Տրամաբանորեն կարող է հարց ծագել, թե ինչու հիմա Թուրքիայի արտգործնախարարը նման հայտարարություն է անում, որը կարող է կրքեր բորբոքել հայ հանրության շրջանում, Փաշինյանին էլ թուրքական թելը թելելու մեջ մեղադրել։ Իրականում Թուրքիան լրջորեն մտահոգ է, որ Փաշինյանն ու իր թիմը չկարողանան վերարտադրվել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և այլևս բացահայտ են խաղում։ Որոշ ժամանակ անց էլ Թուրքիան ու Ադրբեջանը պարզապես կանցնեն սպառնալիքների, որ եթե ՀՀ բնակչությունը չընտրի Փաշինյանին, նոր ռազմական էսկալացիա կլինի։ Ի դեպ, Ֆիդանը նաև հայտարարել է, թե թե՛ ռազմավարական տեսանկյունից, թե՛ տարածաշրջանի ձևաչափով Նախիջևանի և Ադրբեջանի միջև ցամաքով միանալը կարևոր է։ Ընդ որում, նա նշել է, թե իրենք կողմ են բացառապես Ադրբեջանի պատկերացումներին։
Ըստ էության, Թուրքիայի ԱԳ նախարարը փաստում է, որ Փաշինյանի հետագա պաշտոնավարումը ՀՀ վարչապետի պաշտոնում բխում է բացառապես Թուրքիայի և Ադրբեջանի շահերից։ Արդյոք ՀՀ քաղաքացին կհամակերպվի՞, որ իր երկիրը շարունակի ղեկավարել թշնամու խամաճիկը, թե՞, ի վերջո, կհեռացնեն Փաշինյանին՝ երկիրը վերադարձնելով բնականոն զարգացման հուն։
Աննա Մարգարյան